Ինչպես բոլոր ժամանակների քաղաքական-հասարակագիտական մտքի բարձրագույն ռահվիրա Կարլ Մարքսն է ասել՝ քաղաքական վերնաշենքը հենվում տնտեսական բազիսի վրա: Տնտեսական իրողություններն են պայմանավորում բոլոր քաղաքական գործընթացները: Փողն ու տնտեսական շահն են ուղղորդում քաղաքականը: Առաջին հերթին սա վերաբերում է հատկապես պատերազմներին, դրանց հիմնապատճառները ևս տնտեսական են: Այլ կերպ չի լինում, պարզապես պատմությունը որևէ հակափաստարկի օրինակ չի տալիս: Այս համատեքստում պետք է դիտել նաև ներկա պատերազմը Իրանի դեմ: Նավթի, գազի, հազվագյուտ մետաղների և ուրանի պաշարներին տիրելու ու վերահսկելու համար են այսօրվա պատերազմները: Ժողովրդավարութուն պաշտպանելու կարգախոսն արդեն ծիծաղելի է: Վենեսուելական նավթի հարցը «լուծելուց» հետո անհրաժեշտություն առաջացավ «լուծել» նաև իրանական էներգառեսուրսների հարցը: Սա նաև կարևոր է արաբական երկրների ռեսուրսների վրա ձեռք բերված վերահսկողությունը ամրապնդելու համար: Պարզ երևում է նաև չինական տնտեսական էքսպանսիային դիմագրավելու ամերիկյան քաղաքականությունը: Չինաստանի առջև փակելով վենեսուելական նավթի փականները՝ ԱՄՆ-ը հաղթանակի դեպքում կփակի նաև իրանական և արաբական նավթագազային փականը: Սակայն ամերիկյան ստրատեգները, հնարավոր է, մեկ այլ մարտահրավերի առջև կանգնեն: Շեշտակի աճող նավթի ու գազի գները զգալիորեն ամրապնդում են Ռուսաստանի դիրքերը: Ռուսական ռեսուրսների վրա վերահսկողությունն ուղղակի անհնարին է: Մոսկվայի ղեկավար այրերը արդեն խոսում են ԵՄ-ից լրիվ հրաժարվելու և ասիական ուղղության վրա թեքվելու մասին. այս գործում առաջին հերթին եվրաբյուրոկրատներն են մեղավոր, նախատեսել են մեկ տարվա ընթացքում լրիվ հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից: Այս հենքի վրա ամրապնդվելու է Մոսկվա-Պեկին համագործակցությունը: ԱՄՆ-ի դիքորոշումների և որոշումների փոփոխությունների վրա ազդող գործոնները ևս տնտեսական են: Յուրաքանչյուր պատերազմական օր արժե մեկ միլիարդ դոլար: Իրանի անվերապահ կապիտուլյացիա պահանջող Թրամփի վարչակարգը արդյոք անտեսե՞լ է այս հանգամանքը, և մի՞թե հասկանալի չէ, որ հրթիռներով հնարավոր չէ կապիտուլյացիայի հասնել: Ցամաքային գործողության համար մեծաքանակ ցամաքային բանակ ԱՄՆ-ը չունի: Պարզ չէ նաև, թե որքան ժամանակ կպահանջվի իրանական ռազմական կարողությունների ոչնչացման համար, ինչն արդեն ծանր բեռ ե դառնում Իսրայելի համար:
Եվ վերջում՝ վաղ է խոսել կողմերից որևէ մեկի հաղթանակի կամ ջախջախման մասին:
Գարիկ Քեռյան